06/02/2020 11:21
Եթե կան իմ վճռականությանը կասկածող մարդիկ, ես խոստանում եմ՝ մենք այդ մարդկանց հետևից անպայմանորեն գնալու ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը։
«Ես ուզում եմ ասել, որ սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է, տխուր է, որովհետև ՀՀ դրոշի ներքո ու զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել հինգ հազար դոլար կաշառք ու վարչապետի միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր կոչում շնորհելու վերաբերյալ, սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, սա վիրավորանք է ՀՀ ժողովրդի հասցեին, վիրավորանք է 2018 թվականի հեղափոխության արժեքների հացեին», - ասաց Փաշինյանը։
Նա կարծում է, թե նման վիրավորանք հասցրած անձը, անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության։
«Ուրախ իրադարձություն է այն առումով, որ եթե ՀՀ-ում կա որևէ մեկը, որ կասկածում է կոռուպցիան արմատախիլ անելու մեր կամքին ու վճռականությանը, հույս ունեմ, այդ մարդիկ հասկացան՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան նրանք կարող են պատկերացնել։ Եթե կան այս հարցում կոնկրետ իմ վճռականությանը կասկածող մարդիկ, ես խոստանում եմ, որ մենք այդ մարդկանց հետևից անպայման ու անխուսափելիորեն գնալու ենք», - ասաց ՀՀ վարչապետը։