07/02/2020 14:32
Վենետիկի հանձնաժողով նախագիծն ուղարկելը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի. Վլադիմիր Վարդանյան
Հարցը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, լրագրողներին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով հարցին՝ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ երեկ ԱԺ-ում ընդունված նախագիծը պե՞տք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով:
«Վենետիկի հանձնաժողով կամ որևիցե միջազգային փորձաքննության այս կամ այն նախագծի ուղարկելը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի: Մենք այս դեպքում գործ չունենք լայնամասշտաբ գործողությունների հետ», - ասաց նա:
Վարդանյանը նշեց՝ այս պահի դրությամբ կա խորհրդարանի որոշումը, որի հիման վրա նախագահը պիտի հանրաքվե նշանակի, դրանից հետո արդեն հնարավոր կլինի բովանդակային հարցեր քննարկել:
«Քանի դեռ հանրաքվեն նշանակված չէ, չենք կարող խոսել ընթացքի մասին։ Հենց կլինի նախագահի ստորագրությունը, կարող ենք անդադառնալ այս հարցերին: Նախագահի ստորագրությունից և հանրաքվեի օր նշանակելուց հետո նոր հնարավոր կլինի անդրադառնալ բովանդակային հարցերին», - ասաց նա:
Երեկ Ազգային ժողովն ընդունեց նախագիծ, որի համաձայն՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի: Նախագիծը հաստատելու համար նախագահը պետք է ստորագրի այն: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահություն էր հայտնել, որ նախագահը կստորագրի նախագիծը՝ նշելով, որ, հավանաբար, հանրաքվեն տեղի կունենա մարտի վերջին կամ ապրիլիի սկզբին: