07/02/2020 19:54
Դատավորներին իրենց պաշտոնավարման հարցով հանդիպման կանչելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը հակասահմանադրական է. Էդմոն Մարուքյան
«Աշխարհում որևէ գործադիր իշխանության ղեկավար իրավունք չունի դատավորներին կանչի հանդիպման՝ նրանց պաշտոնի հարցը քննարկելու վերաբերյալ: Դա հակասահմանադրական առաջարկ է», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը դատավորներին ուղղված սպառնալիք է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում ունեցած երեկվա ելույթը: Նրա գնահատմամբ, այդ ելույթի նպատակն էր սպառնալիքի միջոցով հասնել Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականին: Մարուքյանը նաև չի բացառել, որ հանրաքվե կարող է առհասարակ չլինել, քանի որ երեկվա ելույթից հետո դատավորները, գուցե, վախենան իշխանության կոչով հանրային թիրախ դառնալուց:
«Հնարավոր է, որ դատավորները լսեն Նիկոլ Փաշինյանի երեկվա սպառնալից ելույթը և հրաժարական տան: Դա, միանշանակ, սպառնալիք էր: Ես չեմ բացառում, որ այդ դատավորները, որոնք կարող են ոստիկանությունից կամ հազար այլ բաներից չվախենալ, բայց կարող են վախենալ դառնալ հանրային թիրախ: Եվ հանրային թիրախ կարող են դառնալ այս իշխանության բարձր կոչերով», - ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը մի շարք կոշտ ու վիրավորական հայտարարություններ հնչեցրեց ՍԴ նախագահի և 6 դատավորների հասցեին՝ նրանց կոչ անելով նախքան ՀՀ նախագահի կողմից իրենց լիազորությունները դադարեցնելու մասին հանրաքվե անցկացնելու որոշումը ստորագրելը, հրաժարական ներկայացնեն:
«Պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ՝ առանց բացառության, առանձին-առանձին, կամ բոլորով՝ այս հարցը, նրա մանրամասները քննարկելու համար: Կարող եմ խնդրել ձեզ անել այդ քայլը (նկատի ունի հրաժարական տալ՝ Aysor.am)՝ անձամբ, ձեր աչքերի մեջ նայելով և կարող եմ ժողովրդի անունից արժանին մատուցել այս իրավիճակը հանգուցալուծելուն ձեր աջակցությանը: Եթե դա ձեզ համար ընդունելի է՝ շատ լավ, եթե դա ձեզ համար ընդունելի չէ, ուրեմն հարցը, համոզված եմ, կլուծի Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, որովհետև՝ Սահմանադրությունն է ժողովրդի համար և ոչ թե ժողովուրդը Սահմանադրության»:
Նույն ելույթում Հայաստանի վարչապետը նաև հայտարարել էր, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել Սահմանադրական հանրաքվեի հարցում, «նրանք կարժանանան համարժեք հակահարվածի, որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ»: