07/02/2020 18:57
Հույս ունենք՝ նախագահը չի ստորագրի և կդիմի Սահմանադրական դատարան. Մարուքյանը՝ հանրաքվե անցկացնելու նախագծի մասին
Անիմաստ է հիմա քննարկել քարոզարշավը, քանի որ որոշումն ընդունվել է հակասահմանադրական ճանապարհով ու դեռ պարզ չէ՝ հանրապետության նախագահը կստորագրի՞ այն, թե՞ ոչ, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ կմասնակցի՞ «Լուսավոր Հայաստանը» հանրաքվեին նախորդող քարոզարշավին, պատասխանեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Սպասում ենք նախագահի գործողությանը, հույս ունենք, որ չի ստորագրի և կդիմի Սահմանադրական դատարան: Վստահ եմ, որ նախագահականում նստած իրավաբանները տեսել են, գիտեն, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել ու չեն կարող դրա առաջ աչք փակել», - ընդգծեց նա:
Որպես ակնառու խախտումներ՝ խմբակցության ղեկավարն առանձնացրեց մի քանիսը.
«Սահմանադրական փոփոխություն չի կարող լինել, Ազգային ժողով ընդհանրապես չի կարող ներկայացվել նման փաստաթուղթ՝ առանց պետաիրավական հանձնաժողովի եզրակացության: Երեկվա ամբողջ ընթացակարգը խախտված էր: Դրան գումարած՝ սահմանադրական փոփոխություն չեն կարող անել անցումային դրույթի մեջ: Չեն կարող անել անձի կարգավիճակը վատթարացնող հետադարձ ուժ տվող դրույթով… Ես կարող եմ բազմաթիվ խախտումներ թվարկել, մեր իրավաբանները կազմում են, կարող է 10-15 հոդված ունենանք: Խախտումների այս փունջը պետք է թույլ չտա, որ Հանրապետության նախագահը ստորագրի այս փաստաթուղթը», - նշեց նա:
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց՝ յուրաքանչյուր սահմանադրական մարմին ունի իր լիազորությունները ու պետք է դրա շրջանակներում կատարի իր առաքելությունը: Նախագահի առաքելությունը նաև այն է, որ նա պետք է հետևի Սահմանադրությանը:
«Նախագահն ունի հակակշիռ ստեղծելու, սխալները գտնելու ու շտկելու հնարավորություն: Հավանական եմ համարում, որ նախագահը չի ստորագրի»: