07/02/2020 15:28
Վարչապետի ելույթի և Սահմանադրական փոփոխությունների մասին օրինագծի հեղինակը Վահե Գրիգորյանն է. Լրատվամիջոցներ (Տեսանյութ)
«Հրապարակ»-ը պարզել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում երեկվա ելույթի իրավական մասը գրել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը: Ըստ կայքի՝ ելույթի սկզբնական մասում Վահե Գրիգորյանի հայտնի նամակի ուղղակի մեջբերումն էր, երկրորդ հատվածում անդրադարձ էր կատարվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ քրեական գործին, իսկ վերջին հատվածն ուղղակի սպառնալիք էր՝ ուղղված Սահմանադրական դատարանի գործող անդամներին։
Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրի՝ Վահե Գրիգորյանի գրած տեքստին Փաշինյանը ավելացրել է միայն մի քանի իրեն բնորոշ արտահայտություններ, օրինակ՝ «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», «շնագայլերի ոհմակ»: Այսպես ասած՝ «տեղայնացրել» է Գրիգորյանի գրած իրավական անհեթեթությունը՝ դրան հաղորդելով փաշինյանական բառապաշարը։
Իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն էլ կարծում է Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին օրինագծի հեղինակը Վահե Գրիգորյանն է:
Նա անդրադարձել է Սահմանադրական փոփոխությունների մասին նախագծում տեղ գտած Սահմանադրական դատարանի «դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ» արտահատությանը։
Մանուկյանը նշել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վահե Գրիգորյանը օգտագործել է նույն բառակապակցությունը՝ «դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ»։
«Վահագն Հովակիմյա՞ն (Սահմանադրական փոփոխությունների մասին նախագծի հայտարարված հեղինակ՝ Aysor.am), թե՞ Վահե Գրիգորյան: Հիշողությունը բարդ բան է», - հավելել է Գեղամ Մանուկյանը։