07/02/2020 14:56
Սի Ցզինպինը Թրամփի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարը
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ առավոտյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարի միջոցառումները, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
«Չինաստանի կառավարությունն ու ժողովուրդը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար», - հեռուստաալիքը մեջբերել է Չինաստանի ղեկավարի խոսքը:
Ցզինպինն ընդգծել է, որ Պեկինը գործի է դրել իր տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսները, որպեսզի առավելագույնս արագ հակազդի կորոնավիրուսի տարածմանը:
Թոքաբորբի բռնկումն ի զորու չէ արգելակել Չինաստանի տնտեսական զարգացումը, հայտարարել է Սի Ցզինպինը:
«Չինաստանի հաջող տնտեսական զարգացման երկարաժամկետ միտումը չի կարող փոխվել», - ասել է նա և հավելել, որ թոքաբորբի դեմ ՉԺՀ-ի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցներն արդեն ակներև դրական արդյունքներ են բերում:
«Մենք բացարձակապես վստահ ենք, որ կհաղթենք վիրուսին: Մենք դրա համար ամեն ինչ ունենք», - ընդգծել է չինացի առաջնորդը: