07/02/2020 19:21
Թրամփի խորհրդականը հայտարարել է, որ Իսրայելը կհրաժարվի բռնակցումներից մինչև խորհրդարանական ընտրությունները
ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Զարեդ Քուշները հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը խոստացել է նախքան մարտի 2-ին Իսրայելում նախատեսված խորհրդարանական ընտրությունները՝ քայլեր չձեռնարկել Հորդանանի հովտում և Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի վրա ինքնիշխանություն տարածելու ուղղությամբ: Նրա խոսքերն ուրբաթ օրը մեջբերել է իսրայելական «Kan» հեռուստաընկերությունը:
ԱՄՆ նախագահի խորհրդականը նաև կարծիք է հայտնել, որ Դոնալդ Թրամփի` Մերձավոր Արևելքի կարգավորման ծրագրի հրապարակումից հետո տարածաշրջանում լարվածության սրման համար պատասխանատու են Պաղեստինի իշխանությունները:
«Աբու Մազենը (Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի կուսակցական կեղծանունը) պատասխանատվություն է կրում Իսրայելում բռնությունների վերջին դեպքերի համար», - կարծում է Քուշները:
Թրամփը հունվարի 28-ին հայտարարել էր «դարի գործարքի»՝ պաղեստինա-իսրայելական խաղաղության պլանհի հիմնական դրույթները: Դրանք ներառում էին Իսրայելի ինքնիշխանության ճանաչումն արդեն Պաղեստինի տարածքում հայտնված հրեական բնակավայրերի նկատմամբ, ինչպես նաև արաբական պետության հրաժարումը զինված պայքարից:
Բացի այդ, Վաշինգտոնում առաջարկել են «անբաժանելի» Երուսաղեմը դարձնել Իսրայելի մայրաքաղաք, իսկ «Արևելյան Երուսաղեմը»` Պաղեստինի մայրաքաղաք: