07/02/2020 11:52
Սիրիայում Իսրայելի հարվածների ժամանակ ուղևորատար օդանավը հազիվ է խուսափել խոցվելուց
Վայրէջքի պատրաստվող 172 ուղևորով օդանավը քիչ էր մնում հայտնվեր սիրիական բանակի կրակի տակ, որը հետ էր մղում Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հարձակումը: Արդյունքում օդանավը տարել են ռուսական ավիաբազա, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Ըստ գեներալի՝ հինգշաբթի գիշերը ժամը 02:00-ից հետո Իսրայելի ՌՕՈՒ չորս F-16 կործանիչներ առանց Սիրիայի օդային տարածք մտնելու ութ «օդ-հող» հրթիռով անսպասելի հարվածներ են հասցրել երկրի մայրաքաղաքի արվարձաններին: Ի պատասխան սիրիական կառավարական զորքերը կիրառել են ՀՕՊ զենիթահրթիռային համալիրներ:
Այդ պահին Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջանում վայրէջքի էր պատրասվում Airbus-320 օդանավը: Կոնաշենկովը նշել է, որ միայն օդանավակայանի կարգավարների օպերատիվ գործողությունների եւ օդային երթեւեկության կառավարման ավտոմատացված համակարգի արդյունավետ աշխատանքի շնորհիվ է հաջողվել աերոբուսը հեռացնել խոցման գոտուց և բարեհաջող վայրէջքի տանել «Հմեյմիմ» բազայի մոտակա պահեստային օդանավակայանում:
Գեներալն ընդգծել է, որ ամբողջ աշխարհում ուղեւորատար չվերթների շարժումն իրականացվում է հայտնի բարձրություններում, որոնք Իսրայելի ռադիոտեղորոշման միջոցները հստակ տեսնում են: Նա հավելել է, որ իսրայելական ՌՏՄ-ները ոչ պակաս հստակությամբ տեսնում են Դամասկոսի օդանավակայանի շրջանում օդային իրադրությունը: