07/02/2020 16:29
«Դասարանցիները». Տիգրան Նալչաջյանի նոր ֆիլմը էկրաններին կլինի մարտի 5-ից. մանրամասնում է ռեժիսորը
Տիգրան Նալչաջյանի «Դասարանցիները» ֆիլմը մարտի 5-ից կբարձրանա մեծ էկրան: Մոտ 1 ժամ 45 րոպե տևողությամբ ֆիլմի սցենարը պատրաստ է դեռևս 2018 թվականից, նկարահանումներն իրականացվել են 2019-ի ապրիլ-մայիս ամիսներին: Տիգրան Նալչաջյանը ֆիլմի ոչ միայն սցենարիստն ու դերակատարներից է, այլև՝ ռեժիսորը, դերասանների հիմնական մասն էլ նրա ստուդիայի սաներն են:
«Երկար ժամանակ դասավանդելով և բեմադրություններ անելով իմ ստուդիայի սաների հետ, որոնց գերակշիռ մասը պատանեկան և ուսանողական տարիքի են, միշտ էլ ցանկանում էի նկարահանել ֆիլմ, որում հերոսները կլինեն հենց նրանց հասակակիցները: «Արթնացիր» ֆիլմում նույնպես այդ փորձը եղավ, երբ ֆիլմի գլխավոր հերոսուհին 15 տարեկան էր, ում դերը խաղում էր Օֆելյա Հարությունյանը: Նա այս ֆիլմում նույնպես հանդես է գալիս գլխավոր դերերից մեկով: Նույն փորձը հաջողությամբ հնարավոր եղավ կիրառել նաև այս ֆիլմում», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց սցենարիստը:
Բեմադրող օպերատորը Պետիկ Ավետիսյանն է, ում հետ Տիգրանն արդեն երրորդ անգամ է համագործակցում: Պատանի հերոսներին մարմնավորում են ստուդիայի սաները, որոնցից հանրության կողմից ամենաճանաչվածը Ստեփան Հովհաննիսյանն է, ով հայտնի է «Ազիզյանները» սիթքոմում խաղացած Լևոնիկի կերպարով:
«Մենք նկարահանել ենք պատանեկան ֆիլմ, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորել են այդ տարիքային խմբի որակյալ դերասաններ: Մնացած բոլոր դեպքերում առաջնորդվել ենք դերասանների կերպարներին համապատասխանությամբ: Այո՛, ունենք նաև մի շարք հրավիրված տաղանդավոր դերասաններ. Ռոբերտ Հակոբյանին կտեսնեք շատ հետաքրքիր կերպարով, նա մարմնավորում է դպրոցի տնօրենին: Ռուսաստանաբնակ Սահակ Դուրյանը, ով նկարահանվել է 40-ից ավելի ռուսական ֆիլմերում, առաջին անգամ հանդես կգա հայակական ֆիլմում: Նկարահանվել են նաև Էլեն Գևորգյանը, ով հանդիսատեսին հայտնի է «Անմոռանալի օր» ֆիլմից՝ գլխավոր դերակատարմամբ, ճանաչված մոդել Էլեն Սահակյանը, դերասանուհի Մարգարիտա Հունանյանը և այլք… Մեր հաղթաթուղթը հենց ֆիլմն է, որը կարծում եմ դուր կգա հանդիսատեսին: Խոստանում եմ, որ հաճելի ժամանակ կանցկացնեն կինոթատրոնում և նոր դեմքեր կբացահայտեն իրենց համար», - մանրամասնեց նա:
Հարցին՝ դժվար չէ՞ միևնույն նախագծի շրջանակներում հանդես գալ և՛ որպես պրոդյուսեր ու սցենարիստ, և՛ որպես ռեժիսոր ու դերասան, պատասխանեց.
«Այո՛, այն ֆիլմերը, որոնք նկարահանում եմ ես, հանդիսանում եմ նաև պրոդյուսերը: Հաճելի է, երբ բոլոր փուլերին՝ ֆիլմի գաղափարի ծնվելուց մինչև էկրաններ բարձրանալը, ունենաում ես քո մասնակցությունը: Սակայն, պետք է խոստովանեմ, որ իսկապես չափազանց դժվար է: Իսկ այս ֆիլմում Դավիթ Գևորգյանի կերպարը, որին մարմնավորում եմ ես՝ իմ դերասանական երազանքներից էր»:
«Դասարանցիները» կոմեդիայի և դրամայի համակցություն է, որը, մեր զրուցակցի խոսքով, հարմար է ընտանիքի և ընկերների հետ դիտելու համար: Նկատում է՝ գուցե վերնագիրը փոքր-ինչ խաբուսիկ թվա, բայց այն մանկական չէ. 12+ է և նախատեսված է հանդիսատեսի լայն շրջանակի համար: Հանդիսատեսից յուրաքանչյուրը կգտնի ֆիլմում իրեն հարազատ կերպարը:
Ֆիլմի համար հատուկ երաժշտություն է գրվել: Ինչպես ռեժիսորն է նկատում՝ երաժշտությունը կինոյի կեսն է, այն անպայման պետք է լինի որակյալ և հիշարժան:
Նկարահանումներն ամբողջությամբ տեղի են ունեցել մայրաքաղաքից դուրս:
«Առինջ գյուղում ենք նկարահանել, քանի որ նպատակ ունեինք գեղեցիկ ու կոլորիտային թաղամաս ստանալ: Եվ հետո՝ այս անգամ ցանկացանք մի փոքր շեղվել մեր շատ սիրելի Երևանից: Կարծում եմ՝ դա միայն հետաքրքրություն կհաղորդի ֆիլմին», - ընդգծեց ռեժիսորը:
Անդրադառնալով ֆիլմի ֆինանսական միջոցներին՝ նկատեց.
«Պետական աջակցության, անկեղծ ասած, չեմ դիմել: Ֆիլմը նկարահանվել է սեփական միջոցներով և ֆինանսական աջակցություն եղել է միայն իմ շատ սիրելի գործընկերների և հարազատ մարդկանց կողմից՝ «Tashir Armenian brands» հայկական հարթակի ղեկավարությունից: Շատ այլ հարցերում, իհարկե, եղել են ընկերական օգնություններ և աջակցություններ, ինչի համար անչափ շնորհակալ եմ և ոչինչ չեմ մոռանում»: