08/02/2020 21:06
«Քո Երջանկությունը». Լույս է տեսել տուն-ինտերնատի 78-ամյա բնակիչ Համլետ Հարությունյանի գիրքը. (Լուսանկարներ)
Փետրվարի 7-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչ 78-ամյա Համլետ Հարությունյանի «Քո երջանկությունը» գրքի շնորհանդեսը, որը նախաձեռնել էր տարեցների աջակցությամբ զբաղվող «Կողքիդ եմ» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության ուշադրության կենտրոնում են մասնավորապես միայնակ տարեցները, ովքեր ապրում են տուն-ինտերնատներում։
«Մեր մեկ տարվա գործունեության ընթացքում հաճախակի շփվելով տարեցների հետ, նրանց մասնակցությամբ բազմաթիվ հանդիպումներ և միջոցառումներ կազմակերպելով` բավական մտերմացել ենք, տատիկ-պապիկների հետ արդեն հարազատ ենք դարձել։ Հանդիպումներից մեկի ժամանակ Համլետ պապիկը պատմեց, որ նոր գիրք է գրել և նույնիսկ արդեն հրատարակել սեփական ուժերով։ Նա խնդրեց մեզ օգնել գրքի վաճառքի հարցում։ Այստեղ էլ ծնվեց գրքի շնորհանդեսը կազմակերպելու միտքը: Այդ հարցում մեզ ձեռք մեկնեց «Զանգակ» գրատունը` մեր խնդրանքը չմերժելով և տրամադրելով տարածքը»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց «Կողքիդ եմ» ՀԿ նախագահ Գայանե Պողոսյանը:
Միջոցառման հիմնական նպատակը ոչ միայն գրքի վաճառքն էր, այլև այն դրական զգացողությունները, որոնք պարուրեցին 78-ամյա գրողին: Մեր զրուցակիցը շեշտում է՝ ցանկացել են այս կերպ հանրությանն այս ամենի մի մասնիկը դարձնել, ծերանոցներում բնակվող մարդկանց մասին կրկին բարձրաձայնել և աստիճանաբար բարի գործեր անելը մշակույթ դարձնել։
178 էջից բաղկացած «Քո երջանկությունը» գիրքը պարունակում է քառյակներ, երգեր և 16-ամյա մի աղջկա սիրո պատմություն։