10/02/2020 11:20
Մայրաքաղաքը սպասարկող միանգամից 10 երթուղու վարորդներ գործադուլ են հայտարարել. պատճառը «պլանի» բարձրացումն է
Թիվ 1, թիվ 12, թիվ 10, թիվ 19, թիվ 34 և մի շարք այլ երթուղիներ սպասարկող վարորդներն այսօր առավոտից գործադուլ են հայտարարել (բոլոր այդ երթուղիները պատկանում են միևնույն գծատիրոջը՝ խմբ.)։
Aysor.am-ի տեղեկություններով՝ պատճառը վերջինիս կողմից օրավարձի բարձրացումն է:
«Վարորդները գծատիրոջն օրական 13.700 դրամ են մուծում, հիմա որոշել է «պլանի» չափը բարձրացնի, դրա համար էլ մարդիկ բողոքում են, չեն ուզում էդ «նալոգով» աշխատեն», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ուղևորափոխադրող ընկերության դիսպետչերներից մեկը։
Օրավարձի բարձրացման մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նշեց, որ ուղևորափոխադրող ընկերության սեփականատերը որոշել է 1500 դրամով ավելացնել վարորդների կողմից վճարվելիք գումարի չափը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ միևնույն անհատին պատկանող 10 երթուղիներից այսօր առավոտյան գիծ է դուրս եկել միայն 24 համարի ավտոբուսը։
«Այս պահին խնդրին լուծում տալու համար քաղաքապետարանի և ընկերության սեփականատիրոջ միջև բանակցություններ են ընթանում։ Իհարկե, սա գծատիրոջ և իր աշխատակիցների խնդիրն է, բայց հասկանալի է, որ քաղաքապետարնն էլ այստեղ գործառույթ և շահագրգռվածություն ունի, որպեսզի ուղևորափոխադրումը վերականգնվի», - նշեց Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ խնդրի վերաբերյալ հանդես կգան լրացուցիչ տեղեկատվությամբ։