10/02/2020 13:58
Քարոզչամեքենան գործի է դրվել ամենաբարձր աստիճանով. Տարոն Սիմոնյանը՝ հանրաքվեի մասին
Հանրաքվեի օրը նշանակված է, և հասարակության անդամներն իրենք են որոշում՝ գնո՞ւմ են քվեարկության, թե՞ ոչ, ինչպե՞ս են արտահայտում իրենց կարծիքը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ ՀՀ նախագահը հնարավորություն ուներ սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծն ուղարկել ՍԴ, սակայն այդ քայլին չգնաց, պատգամավորն արձագանքեց.
«Դժվարանում եմ մեկնաբանել։ Նախագահը թող ինքը մեկնաբանի իր գործողությունները։ Իհարկե, Սահմանադրությունը նրան հնարավորություն է տալիս դիմել ՍԴ, բայց նախագահը չի ընտրել այս տարբերակը։
Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, դուք այն տեսաք քվեարկության ժամանակ։ Խմբակցության հատուկ նիստ ենք գումարելու, քննարկելու ենք, ինչպես պետք է վարվենք մինչև հանրաքվեն։ Նիստի օրն այս պահին չգիտեմ», - ասաց նա։
Ճշգրտող հարցին՝ «Լուսավոր Հայաստա՞նն» է ղեկավարելու «Ոչ»-ի շտաբը, Տարոն Սիմոնյանը պատասխանեց՝ դեռ պետք է մտքեր փոխանակեն։
«Քարոզչությունը ոչ միայն մեկնարկել է, այլև պարոն Փաշինյանը հայտարարությամբ հանդես է եկել. ֆեյսբուքյան էջով համապատասխան հայտարարություն եղավ։ Սա նշանակում է, որ քարոզչամեքենան գործի է դրվել ամենաբարձր աստիճանով», - ասաց նա։