10/02/2020 16:59
Իրանը կրկին կփորձի «Զաֆար» արբանյակը դուրս բերել ուղեծիր
Իրանը կփորձի «Զաֆար» արբանյակը ուղեծիր դուրս բերել մայիս-հունիս ամիսներին: Այդ մասին հայտնել է Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջախրոմին:
Նախարարն այդ մասին հայտարարել է այն բանից հետո, երբ կիրակի երեկոյան իրականացվեց «Սիմորգ» կրող հրթիռի արձակումը՝ «Զաֆար» արբանյակով: Ապարատը չհաջողվեց դուրս բերել անհրաժեշտ ուղեծիր, քանի որ հրթիռը վերջին փուլում չզարգացրեց անհրաժեշտ արագություն: «Զաֆար-2» արբանյակի արձակումը հնարավոր է մայիս-հունիսին», - Ջախրոմիի խոսքը մեջբերված է գերատեսչության պաշտոնական կայքում:
Նախարարի պնդմամբ՝ արձակումը հաջող էր՝ չնայած այն բանին, որ արբանյակն ուղեծիր դուրս բերելու փորձը հաջողությամբ չպսակվեց:
«Այժմ մենք ավելի քան երբևէ մոտ ենք հաջողությանը», - ավելացրել է Ազարի Ջախրոմին: Նա նաև Twitter-ի իր Էջում խոստացել է մոտ ժամանակներս իրականացնել «Նահիդ» արբանյակի արձակումը:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ արբանյակն ընկել է Հնդկական օվկիանոսը: