11/02/2020 16:30
Կոնստանտին Օրբելյանը դատը շահել ու վերականգվել է Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնում
2020 թվականի փետրվարի 10-ից Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում, այսուհետ նա կրկին կզբաղեցնի թատրոնի ոչ միայն գեղարվեստական ղեկավարի, այլ նաև՝ տնօրենի պաշտոնը, այդ մասին այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց Օրբելյանը:
«Իմ՝ դատը շահելուց հետո, նախարարությունը դիմել էր վերաքննիչ, սակայն վերաքննիչը մերժել էր: Հիմա վերականգնվել եմ տնօրենի պաշտոնում ու շարունակելու եմ աշխատանքս մինչև պայմանագրի ավարտը՝ օգոստոսի 3-ը», - լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Օրբելյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 28-ին Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանն այդ ժամանակ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Aysor.am-ի հետ զրույցում Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանն ընդգծել էր, որ 2017 թվականին Օրբելյանի նշանակումը եղել է օրենքի առնվազն երկու կետի խախտմամբ:
Կոնստանտին Օրբելյանն էլ իր հերթին մեծ ու աղմկահարույց դատավարություն էր խոստացել նախարարությանը: