11/02/2020 11:57
ԼՀԿ-ն չի դիմի ՍԴ հանրաքվեի որոշումը բողոքարկելու համար. գործընթացը հակաօրինական է
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի դիմի Սահմանադրական դատարան հանրաքվեի որոշումը բողոքարկելու համար համապատասխան թվով ստորագրությունների բացակայության պատճառով, լրագրողների հետ ճեպազույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ես և Տարոն Սիմոնյանը պատրաստ էինք այդ դիմումը դատարանում ներկայացնել, բայց համապատասխան թվով ստորագրություններ ԼՀԿ-ն չունի, հետևաբար այդ հարցը փակված է», - ասաց նա:
Մարուքյանը նկատեց, որ իրենք բազմիցս պնդել են, որ Սահմանադրությունը պիտի փոխվի, մինչդեռ իրենց առաջարկները մշտապես մերժվել են:
«Այսօր մեր ժողովրդին հանրաքվեի ենք ուղարկում և ուղարկում ենք մեկ հոդված փոխելու: Այսինքն՝ իշխանությունը համակերպվել է և վայելում է Սերժ Սարգսյանի ժառանգած համակարգը, բայց իշխանությունը համաձայն չէ, որ Հրայր Թովմասյանն այստեղ աշխատի», - ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ իշխանությունն ակնկալում է՝ «ոչ»-ի ճամբար լինի, որպեսզի այդ ճամբարներին ոչնչացնի:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանդրական պրոցեսի մեջ չպիտի լինի հակառակ ճամբար, պիտի լինի միայն «այո»-ի ճամբար, որովհետև իշխանությանը պետք է, որ ինչ-որ մարդիկ «ոչ»-ի քարոզչություն անեն», - ասաց Մարուքյանը հավելելով.
««Ոչ»-ի որևէ ճակատ ձևավորելը նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն, վերջում էլ մեկի ներվերը չի հերիքի մեկի գլխին քարով կտա, կամ իրեն հայհոյողին կխբի և կունենանք արյունահեղություն, ինչին ԼՀԿ-ն միշտ է դեմ: Հետևաբար մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում: Մեր գործիքակազմը օգտագործել ենք և պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե լինեն համապատասխան թվով ստորագրություններ»: