11/02/2020 11:20
50 քաղաքացուց կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն. Տիգրան Մուկուչյան
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ, բացի հասարակական կազմակերպություններից, տեղամասերում, որպես դիտորդ, կարող են ներգրավվել նաև կուսակցությունների ներկայացուցիչներ, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Այսինքն՝ ունենք վստահված անձինք «Այո» և «Ոչ» կողմերից ու դիտորդներ, որոնք կարող են լինել ՀԿ-ների ու կուսակցությունների ներկայացուցիչներ», - ասաց նա։
Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ օրենքը սահմանում է հետևյալ կանոնակարգումը՝ «Ոչ» քարոզչական կողմ նախաձեռնելու համար նախագծին դեմ քվեարկած պատգամավորները, պատգամավորը կարող են դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական կողմ։
«7-օրյա ժամկետ կա սահմանված, եթե այդ ժամկետի ավարտին «Ոչ » քարոզչական կողմ չի գրանցվում, ապա այդ ժամկետի ավարտից հետո 50 քաղաքացիներից կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն», - ասաց նա։
Մուկուչյանն ասաց նաև, որ կարող է գրանցվել միայն մեկ «Այո» և միայն մեկ «Ոչ» քարոզչական կողմ։
Թե որքան գումար է հատկացվելու ընտրությունների համար, Մուկուչյանն ասաց, որ հիմա հաշվարկ է իրականացվում։
«Կարծում ենք՝ այն կլինի նույնը, ինչպիսին եղել է նախորդ ընտրությունների ժամանակ, գործառույթների առումով շատ տարբերություններ առկա չեն։ 2018 թվականի ընտրություններին համար մոտավոր 2,5 կամ 2,7 միլիարդ դրամ էր ծախսվել։ Կարծում եմ՝ կլինի նույնը», - ասաց ԿԸՀ նախագահը։
Մուկուչյանի խոսքով՝ հանրաքվեի դրված օրենքի կամ փոփոխության նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի մեկ-քառորդը։
Ընտրատեղամասերում տեսախցիկների առկայության հետ կապված է ԿԸՀ նախագահն ասաց, որ ժամկետը շատ կարճ է։
«Ժամկետները շատ կարճ են, դա պահանջում է բավականին մեծամասշտաբ աշխատանքներ», - ասաց նա։
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, քանի որ վերջիններս դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, հիշեցնենք, տեղի կունենա ապրիլի 5-ին: