11/02/2020 15:01
Կլինի՞ «Ոչ»-ի շտաբ. ընդդիմադիրները դեռ չեն կողմնորոշվում
Ապրիլի 5-ին տեղի կունենա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, իսկ փետրվարի 17-ից մեկնարկում է քարոզարշավը։
«Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։
«Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին, մինչ այս պահը, որևէ քաղաքական ուժ չի հայտարարել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր հայտարարեց, որ չեն պատրաստվում ձևավորել «Ոչ»-ի ճամբար։
«Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանդրական պրոցեսի մեջ չպիտի լինի հակառակ ճամբար, պիտի լինի միայն «այո»-ի ճամբար, որովհետև իշխանությանը պետք է, որ ինչ-որ մարդիկ «ոչ»-ի քարոզչություն անեն։ «Ոչ»-ի որևէ ճակատ ձևավորելը նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն, վերջում էլ մեկի ներվերը չի հերիքի մեկի գլխին քարով կտա, կամ իրեն հայհոյողին կխբի և կունենանք արյունահեղություն, ինչին ԼՀԿ-ն միշտ է դեմ», - ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Բարգավաճ Հայաստան»-ը դեռ չի կողմնորոշվել՝ «այ՞ո»-ի, թե՞ «ոչ»-ի ճամբարում է լինելու։
«Ամեն ինչ պարզ կլինի քաղխորհրդի նիստից հետո։ Մեզ մոտ միաձայն չէ, կքննարկենք և մեր տեսակետը կհայտնենք», - ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Հայ ազգային կոնգրեսն այսօր հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ կողմ է ԱԺ-ի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել։
«Մենք, հանրաքվեին ընդառաջ, մարտավարություն չենք որդեգրել, շաբաթվա ընթացքում կվերջնականացնենք», - Aysor.am-ին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա, սակայն, ներկայացրեց իր անձնական տեսակետը։
«Էս գործընթացը ոտքից գլուխ՝ և՛ բովանդակությամբ, և՛ ընթացակարգով հակասահմանադրական է, ուստի, կարծում եմ, որ ավելի ճիշտ է չմասնակցել ու չլեգիտիմացնել այս, ի սկզբանե, հակասահմանադրական ու հակաօրինական գործընթացը», - ասաց Արմեն Աշոտյանը։
Հայ հեղափոխական դաշնակցությունն այս հարցով քննարկումների մեջ է։
«Մենք հիմա քննարկումների մեջ ենք, առաջիկա երկու օրվա մեջ վերջնական հայտարարություն կանենք, հիմա կոնսուլտացիաների մեջ ենք, ընդհանուր պրոցեսի նկատմամբ ասել ենք մեր դիրքորոշումը, բայց ի՞նչ մարտավարություն ենք ընտրելու, ինչպե՞ս ենք մոտենալու, առաջիկա երկու օրը կհայտարարենք», - Aysor.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց՝ խորհրդակցում են նաև այլ կուսակցությունների հետ։
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, քանի որ վերջիններս դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։
7-օրյա ժամկետ կա սահմանված, եթե այդ ժամկետի ավարտին «Ոչ » քարոզչական կողմ չի գրանցվում, ապա այդ ժամկետի ավարտից հետո 50 քաղաքացիներից կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն։
Կարող է գրանցվել միայն մեկ «Այո» և միայն մեկ «Ոչ» քարոզչական կողմ։