11/02/2020 10:20
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, այսօրվա նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Ընտրական օրենսգրքի ու հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ մշակվել է ժամանակացույց: Համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեի քարոզչությունը մեկնարկում է հանրաքվե նշանակելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակումից հետո 7-րդ օրը և ավարտվում հանրաքվեից մեկ օր առաջ, ինչը նշանակում է, որ փետրվարի 17-ից կմեկնարկի նախընտրական քարոզչության փուլը», - ասաց ԿԸՀ նախագահը:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, քանի որ վերջիններս դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, հիշեցնենք, տեղի կունենա ապրիլի 5-ին: