11/02/2020 10:18
«Իրատես». Ի՞նչ է լինելու, եթե նախքան հանրաքվեն սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորները հայտարարեն, որ դադարեցնում են պաշտոնավարումը
«Իրատես» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելուց առաջ իշխանությունը, ըստ երևույթին, մեկ հանգամանք հաշվի չի առել. ի՞նչ է լինելու, եթե նախքան հանրաքվեն սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորները հայտարարեն, որ դադարեցնում են պաշտոնավարումը: «Իրատեսը» հարցն ուղղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Ի պատասխան ասացին, որ իրավակարգավորումների մասով այս պահին մեկնաբանություն չեն տալիս: Օրենսդրություն գրողների մտքի ծայրով երևի անցած էլ չի լինի, որ Սահմանադրական դատարանի նախագահին ու դատավորներին հեռացնելու համար օրերից մի օր հանրաքվե է անցկացվելու, ու հենց դա է պատճառը, որ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի «Հանրաքվեի չեղարկման» մասին դրույթներում նմանօրինակ իրավիճակի վերաբերյալ ոչինչ գտնել հնարավոր չէ: Եթե սովորական ընտրությունների դեպքում՝ խորհրդարանական, ՏԻՄ և այլն, օրենքը սահմանում է, որ թեկնածուն ինքնաբացարկ կարող է ներկայացնել ընտրությունից տասն օր առաջ, ապա այս դեպքում որևէ նորմ կամ տրամաբանություն չի գործում:
Եթե դատավորները մինչև փետրվարի 27-ն օգտվեն վաղաժամ կենսաթոշակի օրենքից, ապա հանրաքվեն չեղյալ կհայտարարվի: Բայց եթե դրանից հետո ՍԴ դատավորներն ուղղակի հայտարարեն, որ դադարեցնում են պաշտոնավարումը, ապա հանրաքվեն պետք է տեղի ունենա: Իսկ թե ինչ տրամաբանությամբ, պատասխան ոչ ոք չունի»: