11/02/2020 18:18
Քոչարյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը՝ փետրվարի 18-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 18-ին՝ ժամը 13։00-ին։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը շարունակեց այսօր ներկայացնել Ռ․ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու միջնորդությունը։
Պաշտպան Արամ Վարդևանյանն, անդրադառնալով նախկինում գործող Քր․դատ․-ի 300 հոդվածին, հիշեցրեց, որ այդ հոդվածի փոփոխության ժամանակ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը մատնանշել է դրա մեջ առկա 5 թերություն։
«Եթե ԱԺ բարձր ամբիոնից նման հայտարարություն է արվում ու դրա վերաբերյալ գործադիրը, դատական իշխանությունը, դատախազությունը հակառակ պնդում չեն անում, դա արդեն խոսում է Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ենթադրյալ արարքի պահին գործող քրեական օրենքի նորմի թերության և առհասարակ բացակայության մասին», - ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ այդ նորմն ունի վերացարկման բարձր աստիճան, և ՄԻԵԴ պրակտիկայում հանդիպած մի շարք գործեր վկայում են, որ այն հակասում է մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիային։ Վարդևանյանը նշեց, որ Ռ․ Քոչարյանին մեղսագրվող հոդվածի կիրառումը այս պահին քննարկվում է ՄԻԵԴ Մեծ պալատում, Վենետիկի հանձնաժողովում և Սահմանադրական դատարանում, ինչը փաստում է տվյալ նորմի վիճելի լինելու մասին։
Պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանն ընդգծեց, որ միջնորդություններ ներկայացնելիս, պաշտպանները հասկանում են, որ դրանց վերաբերյալ դրական որոշում կայացնելը կարող է վտանգավոր լինել դատավորի անձի համար՝ հաշվի առնելով դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակը։
Պաշտպաններից հետո ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը՝ բարձրացնելով «Մարտի 1»-ի մայր գործի ամբորղջական նյութերը չտրամադրելու հարցը։
Առարկություններ ներկայացրեցին մեղադրանքը պաշտպանող դատախազները՝ պնդելով, որ քրեական անորոշ նորմի մասին խոսք լինել չի կարող։
Քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ ամփոփիչ ելույթները դատարանը կլսի հաջորդ նիստին։