11/02/2020 09:54
«Փաստ». ԿԳՄՍ նախարարության ենթակա հիմնարկներում աշխատավարձ չեն ստացել
«Փաստ» օրաթերթը մի շարք պետական կառույցներից, հատկապես ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկներից ահազանգեր էր ստացել, որ աշխատակիցները դեռ չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը։ Նմանատիպ խնդիր եղել է նաև 2019 թվականի տարեսկզբին։ Պարզաբանումներ ստանալու նպատակով նախ թերթը դիմել է ֆինանսների նախարարություն։ Նախարարի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը նշել է.
«Երբ ֆինանսների նախարարությունը ստանում է ֆինանսավորման հայտ, ավտոմատ կերպով գանձապետարանից կատարում է փոխանցումը։ Չի կարող ֆինանսների նախարարությունը հայտ ստանալ, և այն ուղղակի մնա, քանի որ դա ավտոմատ համակարգ է»:
«Փաստը» դիմել է նաև ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանին՝ ճշտելու, թե ինչու հայտերը չեն ներկայացվել և ինչու մարդիկ աշխատավարձ չեն ստանում: Կժդրյանը նշել է՝ աշխատավարձերի ուշացումը համատարած բնույթ չի կրում։
«Բացի դա, նրանք օրենքով կարող են մինչև փետրվարի 15-ն աշխատավարձ ստանալ», - ասել է ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ եթե նման խնդիր կա, կարող են զանգահարել նախարարության թեժ գծին և ասել, որ, օրինակ՝ այսինչ դպրոցում կամ այլ կազմակերպությունում աշխատավարձ չեն ստացել, ըստ այդմ էլ կփորձեն հասկանալ, թե որն է խնդիրը: