11/02/2020 16:38
ԿԳՄՍՆ ենթակայության բոլոր դպրոցներն արդեն ստացել են աշխատավարձերի գումարները. պարզաբանում
Այս պահի դրությամբ հանրակրթական որոշ դպրոցների ուսուցիչներ աշխատավարձ չեն ստացել։ Չնայած, որ աշխատանքային պայմանագրերով վճարումը պետք է կատարվի մինչև ամսի 5-ը, աշխատավարձերը, հավանաբար, կլինեն մինչև փետրվարի 15-ը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 դպրոցի շախմատի ուսուցիչ Արթուր Քոչարյանը։
«Ես այստեղ իմ դպրոցի մեղքը չեմ տեսնում։ Դպրոցին փող չեն տվել, որ դպրոցն էլ ինձ տա։ Ուղղակի նախկինում նման բան չի եղել։ Դրա համար էլ դպրոցի տնօրինությունն ինձ հետ մինչև ամսի 5-ն աշխատավարձ վճարելու մասին պայմանագիր է կնքել։ Հիմա զրո վիճակ է, պետք է սպասենք։
Պարզապես խնդիրն այն է, որ մարդիկ տարիներ շարունակ սովորել են աշխատավարձը մինչև ամսի 5-ը ստանալ, բանկերի ապառիկները մինչև այդ ամսաթիվը մարել։ Կոնկրետ ես ևս երկու տեղ եմ աշխատում, բայց մյուսներն անելանելի վիճակում են։ Գոնե զգուշացնեին՝ մարդիկ իրենց գլխի գալիքն իմանային», - ասաց Արթուր Քոչարյանը։
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Աննա Վարդանյանի հետ, որը տեղեկացրեց, որ ԿԳՄՍՆ ենթակայության բոլոր դպրոցներն արդեն ստացել են գումարները։
«Երևանի քաղաքապետարանը հայտը ներկայացրել է։ Որևէ խնդիր չկա, վճարումները սահմանված կարգով կիրականացվեն», - ասաց նա։