12/02/2020 11:36
2008-ից ի վեր «Լույս» հիմնադրամը երիտասարդների կրթության վրա ծախսել է ավելի քան 11 միլիարդ դրամ. Դավիթ Հարությունյան
«Լույս» հիմնադրամի տեսլականը եղել է ավելի մրցունակ Հայաստան ունենալը։ Ընդ որում, շատ հաճախ մրցունակության մասին խոսելիս առաջին հերթին խոսում են տնտեսական ցուցանիշների մասին, բայց երբ խոսում ենք երկրի մրցունակության մասին, նկատի ունենք երկիրն իր յուրաքանչյուր դրսևորմամբ՝ հոգևոր, մշակութային, կրթական ոլորտներ։ Այս բոլոր ոլորտներում Հայաստանն այլընտրանք չունի, քան լինել մրցունակ, «Լույս» հիմնադրամի 2019 թվականի գլխավոր արդյունքները ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատությանն նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Մեր տեսլականին հասնելու համար մենք առանձնացրել էինք երեք առաքելություն։ Առաջինը կրթությունն է, երկրոդը՝ գործելը, երրորդը՝ համաստեղծելը։ Վերջինը Հայաստանի համար ամենբարդ տարրն է, որը, սակայն, թույլ է տալիս նորարարական մեթոդներով ստանալ նոր արդյունք», - ասաց Դավիթ Հարությունյանը։
Նա միաժամանակ ընդգծեց՝ տարիներ շարունակ «Լույս» հիմնադրամը տվել է կրթաթոշակներ՝ երիտասարդներին հնարավորություն ընձեռելով կրթություն ստանալ աշխարհի լավագույն բուհերում։
«2008 թվականից ի վեր այս ուղղությամբ ծախսվել է ավելի քան 11 միլիարդ դրամ։ 2018 թվականի մեր խորհուրդը որոշեց աստիճանաբար փոխել ուղղությունը՝ կրթական ծրագրից անցում կատարելով դեպի գործելը և համաստեղծելը, սակայն բոլոր այն ուսանողները, որոնք ներգրաված են եղել մեր ծրագրերում, հնարավորություն ունեն շարունակելու և ավարտելու ուսումը։ Վերջին երկու տարում այս ուղղությամբ մենք ծախսել ենք 1.2 միլիարդ դրամ, ֆինանասավորվել է 94 կրթաթոշակ», - ասաց նախկին նախարարը: