12/02/2020 15:42
Մասիս Մայիլյանն ու Դավիթ Բաբայանն առաջադրվել են Արցախի նախագահի թեկնածուներ
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու:
«Մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երեք թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 11.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով իր թեկնածությունն առաջադրելու մասին Մասիս Սամվելի Մայիլյանի դիմումը:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել», - ասված է Արցախի ԿԸՀ հայտարարության մեջ։
Նախագահի թեկնածու առաջադրվելու մասին է հայտարարել նաև Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։
«Օրենքի պահանջի համաձայն՝ այսօր Արցախի պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաեւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար Արցախի պահպանողական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման փաստաթղթերը», - Facebook-ում գրել է Բաբայանը։
Նշենք, որ այս պահի դրությամբ Արցախի նախագահահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրվել են նաև Վիտալի Բալասանյանը՝ «Արդարություն» կուսակցության կողմից և Ռուսլան Իսրայելյանը՝ «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից: