12/02/2020 17:48
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ՝ ընտրական տուրիզմ. Փաշինյան
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ազդեցություն չի ունենա տնտեսության վրա, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2018 թվականի փորձը ցույց տվեց, որ ՀՀ տնտեսության վրա ազդող հիմնական գործոնը ապագայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների ունեցած վստահությունն է: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների վստահությունը ապագայի հանդեպ ավելի կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն էլ ավելի կմեծանա: Համոզված եմ, որ քարոզարշավը ոչ միայն բացասական ադյունք չի ունեն տնտեսության վրա, այլև կունենա աշխուժացնող արդյունք», - ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները պատրաստվում են գալ այդ ընթացքում Հայաստան քվեարկելու համար.
«Այնպես որ ստեղծում ենք տուրիզմի մի նոր տեսակ, որը կոչվում է ընտրական տուրիզմ», - ասաց Փաշինյանը:
Նիստերի դահլիճից Փաշինյանին հուշեցին, որ տուրիզմի այդ տեսակը նորություն չէ, Փաշինյանն էլ արձագանքեց՝ «ափսոս»:
Նա նաև կոչ արեց բոլորին գալ Հայաստան՝ նշելով, որ այժմ հնարավոր է անհամեմատ ցածր գներով ավիատոմսեր գնել: