12/02/2020 11:42
Փոխանցումները եղել են, մինչև փետրվարի 15-ը մանկավարժներն աշխատավարձ կստանան. ԿԳՄՍ նախարարի խոսնակ
Դպրոցների մեծ մասում արդեն իսկ աշխատավարձ ստացել են, իսկ եթե կան դպրոցներ, որտեղ ուսուցիչներն աշխատավարձ չեն ստացել, աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև փետրվարի 15-ը կստանան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը՝ արձագանքելով դպրոցներում մանկավարժների աշխատավարձերի ուշացման վերաբերյալ հարցին։
«Խնդիրը համատարած չէ, մենք ունենք թեժ գիծ, որին սովորաբար նման դեպքերում ունենում ենք շատ զանգեր։ Այս դեպքում ավելի շատ լրատվամիջոցներ են մեզ դիմում այդ հարցով, քան զանգեր ենք ստանում թեժ գծով։ Այսինքն՝ համատարած բնույթ չի կրում, առանձին դեպքեր են, ու առանձին դեպքերի պարագայում չեմ կարող ընդհանուր մեկնաբանություն տալ, թե ինչու է այդպես», - ասաց Անժելա Կժդրյանը։
Հարցին, թե բոլորի փոխանցումները եղե՞լ են, ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակը պատասխանեց.
«Փոխանցումները եղել են, շուտով, մինչև փետրվարի 15-ը բոլորը կստանան իրենց աշխատավարձերը»։
Հիշեցնենք՝ Aysor.am-ի խմբագրություն դիմած ուսուցիչներն ահազանգել էին, որ փետրվարի 12-ի դրությամբ աշխատավարձ չեն ստացել։