12/02/2020 12:08
Վստահ եմ, որ կձևավորվի, որովհետև «սուրբ տեղը» դատարկ չի մնա. Ալեն Սիմոնյանը՝ «Ոչ»-ի շտաբի մասին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է, որ հանրաքվեի նպատակը ՍԴ կազմից ազատվելն ու Սահմանադրական դատարանը իշխանության համար ցանկալի թեկնածուներով համալրելն է:
«Չկա տենց բան: Մեզ մեղադրում են ու մեղադրելու են հնարավոր բոլոր բաների մեջ, մարդակերության մեջ էլ կարող են մեղադրել, միայն թե ինչ-որ կերպ խաթարեն այդ գործընթացը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, որ «ոչ»-ի շտաբի ձևավորմանը չեն միանալու, Սիմոնյանն ասաց, որ բոլոր այն մարդիկ, որոնք հայտարարում են, որ «ոչ»-ի շտաբ չեն ձևավորելու, հասկանում են, որ հանրաքվեի արդյունքները դրական են լինելու:
Հարցին, թե ամեն դեպքում, եթե «Ոչ»-ի շտաբ չձավորվի, ապա ո՞ւմ դեմ են պայքարելու քարոզարշավի ժամանակ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ օրենքը դրա կարգավորումները տվել է՝ վստահություն հայտնելով առ այն, որ «Ոչ»-ի շտաբ կձևավորվի:
«Վստահ եմ, որ կձևավորվի, որովհետև «սուրբ տեղը» դատարկ չի մնա», - ասաց Սիմոնյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հանրապետության նախագահը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: