12/02/2020 10:56
«Մանկավարժին սարքել են մուրացկան». Ուսուցիչներն ահազանգում են, որ մինչ օրս աշխատավարձ չեն ստացել
Aysor.am-ին դիմած ուսուցիչներն ահազանգում են, որ մինչ օրս աշխատավարձ չեն ստացել:
«Այսօր արդեն փետրվարի 12-ն է, բայց մենք դեռ աշխատավարձ չենք ստացել: Ես խոսել եմ նաև այլ դպրոցներում աշխատող իմ կոլեգաների հետ, նրանք ևս աշխատավարձ չեն ստացել: Արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ հունվարին 17 օր աշխատելու համար Երևանի քաղաքապետը, ԱԺ նախագահը, նախարարները և մյուսներն աշխատավարձ ու միլիոնավոր պարգևավճարներ են էլի ստացել, բայց ոչ մեկ չի մտահոգվում, որ մանկավարժը մինչ օրս անգամ իր վաստակած գումարը չի ստացել», - Аysor.am-ի հետ զրույց ասաց գրականության ուսուցչուհի Լիդա Սահակյանը:
Մանկավարժին հատկապես վրդովեցրել է պատկան մարմինների՝ Կրթության նախարարության, Երևանի քաղաքապետարանի անտարբերությունը:
«Վարչապետն անընդհատ հայտարարում է, որ 10 տոկոսով բարձրացրել են ուսուցչի աշխատավարձերը, բայց, չգիտես ինչու, մոռանում են, որ այդ տասը տոկոս բարձրացնումը վերաբերում է միայն 1 դրույք ունեցող ուսուցիչներին, իսկ մեկ դրույք ունեցողների թիվը շատ քիչ է բոլոր դպրոցներում: Այդ 10 տոկոս բարձրացումն էլ եղել է դպրոցի միջոցների, այդ թվում՝ կրճատումների հաշվին: Ինչպես է ստացվում, որ նախարարների ու մնացած պաշտոնյաների աշխատավարձերը 100 և ավելի տոկոսով են բարձրացրել, ամեն ամիս պարգևատրումներ են տալիս իրենց մերձավորներին, բայց ուսուցչին անգամ աշխատավարձը չեն տալիս ժամանակին: Անարդար է: Մենք իրենցից ոչինչ չենք խնդրում, մեր աշխատած կոպեկներն ենք խնդրում, որ գոյություն պահպանենք», - ասաց ուսուցչուհին:
Աշխարհագրության ուսուցչուհի Սիլվա Հարությունյանն էլ նշեց, որ ամաչում է ասել, բայց ուսուցիչները պարտքով գումար են վերցնում իրարից աշխատանքի հասնելու համար:
«Մարդիկ վարկեր ունեն, կոմունալներ պետք է վճարեն, երեխաներ ունեն, որոնց կերակրել է պետք: Մանկավարժին սարքել են մուրացական», - ասաց ուսուցչուհին:
Aysor.am-ը կփորձի պարզաբանումներ ստանալ Կրթության նախարարությունից և Երևանի քաղաքապետարանից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում էր տարածել, համաձայն որի, նախարարության ենթակայության բոլոր դպրոցներն արդեն ստացել են աշխատավարձերի գումարները:
Իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների մասով հստակություն չկա: