13/02/2020 13:39
Որքանով ես տեղյակ եմ՝ թիվը գրեթե բոլոր տարիներին նույն կերպ պահպանվում է. Խաչատրյանը՝ բանակում զոհերի թվի մասին
Բանակում զոհերի թվի աճ դեռևս չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը:
«Դեռևս թվի աճ չկա: Որքանով ես տեղյակ եմ՝ թիվը գրեթե բոլոր տարիներին նույն կերպ պահպանվում է, սակայն մեկ զոհն անգամ անընդունելի է և պետք է ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի այդ մեկ զոհն անգամ չլինի բանակում», - ասաց նա:
Խաչատրյանն ընդգծեց, որ քրեական ենթամշակույթների տարրերի առկայությունը բանակում ազդում է բանակի վրա: Պատգամավորը նաև նկատեց, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովը կքննարկի այս հարցը՝ ընդգծելով, որ, առհասարակ, բանակում տիրող իրավիճակի մասին քննարկումները մշտապես հանձնաժողովի ուշադրության տակ են:
«Բանակում տիրող իրավիճակը Պաշտպանության հանձնաժողովի քննարկման առարկան է հանդիսանում: Բավականին լուրջ, խորը ուսումնասիրություններ են կատարվելու և հանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի», - ասաց նա:
Երեկ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ. Hetq.am գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 2020 թվականին բանակում 12 զինվոր է զոհվել, որոնք ոչ թե զոհվել են հակառակորդի կրակոցից, այլ չպարզված հանգամանքներում: