13/02/2020 11:03
Սա լուրջ խնդիր է, պետք է քննիչ հանձնաժողով ստեղծեն, ուսումնասիրեն՝ ինչն է պատճառը. Գագիկ Ծառուկյանը՝ բանակում զոհերի մասին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ զինծառայողների ինքնասպանության մասին վերջերս հաճախակի դարձած դեպքերը պետք է ուսումնասիրել քննիչ հանձնաժողովում և պատժել մեղավորներին:
«Շատ ցավալի է, շատ վատ է, անմիջապես պետք է ուսումնասիրվի, ովքեր մեղավոր են, ինքնասպանության դրդողներն են, գոնե երկուսը մասսայական պիտի պատժվեն: Պատկերացրեք ծնողը երեխային պատրաստ է ուղարկել բանակ, ու գնա երեխան, ինչ աստիճանի նրան հասցնեն, որ ինքնսպանություն գործի: Օրերս հաճախակի են լինում նման դեպքեր: Սա լուրջ խնդիր է, պետք է անմիջապես ուշադրություն դարձնեն, քննիչ հանձնաժողով ստեղծեն, ուսումնասիրեն՝ ինչն է պատճառը, որ լուծեն այդ խնդիրը», - ասաց Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում:
Երեկ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ. Hetq.am գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 2020 թվականին բանակում 12 զինվոր է զոհվել, որոնք ոչ թե զոհվել են հակառակորդի կրակոցից, այլ չպարզված հանգամանքներում: