13/02/2020 13:32
Անտեսե՛լ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն. ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը
ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել։
«Ափսոսանքով փաստում ենք. օրվա քաղաքական իշխանությունը, չհետևելով բազմաթիվ հորդորների և զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ:
Շահարկելով և ձևախեղելով անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն, իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջև ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողությունը:
Դատապարտելով ամբոխավարական մեթոդներով արհեստական օրակարգ ձևավորելու քաղաքական իշխանության վարքագիծը, ահանզանգ հնչեցնելով այս հակասահմանադրական ընթացքի մասին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է` անընդունելի է հակաօրինական ճանապարհով հարցեր լուծելու իշխանության մոտեցումը:
Ըստ այդմ.
1. Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն՝ հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլևս հոգնել է պուպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին և իրական ժողովրդավարությանը:
2. Դիմում ենք քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, մեր հայրենակիցներին՝ միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն, կանխելու հակապետական այս ընթացքը և, ի վերջո, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ», - ասված է հայտարարությունում։
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, քանի որ վերջիններս դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, հիշեցնենք, տեղի կունենա ապրիլի 5-ին: