13/02/2020 19:26
Ռուբեն Էլբակյան՝ «LA NOTTE». Իտալական սիրո երգի պրեմիերա (Տեսահոլովակ)
Ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ անակնկալ է պատրաստել բոլոր սիրահարների համար: Իտալերեն թեմատիկ երգը գրվել է հատուկ արտերկրում «ոսկե ձայն» տիտղոսին արժանացած երգչի համար և արդեն մի քանի օր է՝ հեռարձակվում է Ֆրանսիայի իտալական ռադիոյով:
«Անչափ զգացված եմ, որ սիրո տոնի կապակցությամբ ինձ համար այսպիսի գեղեցիկ երգ գրվեց ու սիրվեց իտալացի հանդիսատեսի կողմից: Հուսով եմ՝ այն ջերմ ընդունելություն կգտնի նաև հայ հանդիսատեսի կողմից», - նշել է հռչակավոր տենորը:
Նշենք, որ Ռուբեն Էլբակյանը վերջերս հայ հանդիսատեսին զմայլել էր Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Չինար ես» տեսահոլովակով, որը նկարահանվել էր Հայաստանում:
Ներկայումս նա աշխատում է երեք կոմպոզիտորների կողմից հատուկ իր համար գրված երգերի նոր ձայնասկավառակի վրա, մեկտեղ «Ավե Մարիա» խորագիրը կրող մենահամերգով շրջագայում է աշխարհում: Այս մենահամերգի անկրկնելի ու փառահեղ բացումը տեղի է ունեցել խորհրդանշական Փարիզի հայտնի Մադլեն եկեղեցում՝ արժանանալով հոտնկայս ծափահարությունների:
Հուսանք` հայ ունկնդիրը նույնպես առիթ ու հնարավորություն կունենա ևս մեկ անգամ հայրենիքում վայելելու «Ոսկյա ձայնը»:
Ռուբեն Էլբակյանի հայաստանյան վերջին բարեգործական մենահամերգը տեղի է ունեցել 2007 թվականին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի լեփ-լեցուն դահլիճում: Համերգի հասույթը տրամադրվել է Վլադիմիր Սպիվակովի ֆոնդին: