14/02/2020 17:33
ԲՀԿ-ն չի մասնակցի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի գործընթացին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի գործընթացին, ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք չենք կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին: Ակնհայտ է, որ այս գործընթացը հենց սկզբից իշխանությունն իրավականից տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության», - ասաց Զոհրաբյանը:
Նա նշեց՝ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է լինելու իր քվեարկության մեջ՝ ընդգծելով, որ կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: