14/02/2020 23:28
Նարեկ Սամսոնյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «սուտ մատնության» գործով
Հատուկ քննչական ծառայությունը «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին որպես մեղադրյալ է ներգրավել «սուտ մատնության» գործով։
«Տուն գալով պարզեցի, որ ՀՔԾ կողմից ծանուցում ունեմ և որպես մեղադրյալ ներգրավված եմ «սուտ մատնության» գործով: Անկեղծ ասած, էս զարգացումն ամենասպասելին էր և ամենաանհեռանկարը իշխանությունների համար, բայց Նիկոլը գնաց սրան: Ի դեպ, այս գործը նույն քննիչի մոտ է, որն ինձ սպառնացել էր, որ դատելու է: Սա բացահայտ ու լկտի հարձակում է մամուլի և խոսքի ազատության վրա, այս քայլով Նիկոլը մեզ մոտեցնում է հարևան պետությանը, իսկ իրեն` իր սիրելի կիրթ անձնավորությանը, բայց դե ինքն ա ընտրել էս ուղին:
Վաղը ժամը 13:00-ին կլինեմ ՀՔԾ-ում, սիրով կպատասխանեմ նաև ԶԼՄ-ների հարցերին: Տեղի ունեցողի մասին ավելի համապարփակ կարծիք կհայտնեմ վաղը, իսկ հիմա միայն ասեմ, որ Հայաստանում չի կարող գտնվել գեթ 1 մարդ ով կարող է կասկածել, որ սույն աբսուրդը քաղաքական հետապնդում է», - մասնավորապես գրել է Սամսոնյանը Facebook-ի իր էջում։
Ավելի վաղ Սամսոնյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն` որպես վկա հարցաքննվելու հարուցված քրեական գործի շրջանակներում:
ՀՔԾ-ից հայտնել էին, որ Նարեկ Սամսոնյանի` 26.01.2020թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա նախապատրաստվել են նյութեր` ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու և նրանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերի հիման վրա 30.01.2020թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշենք, որ Նարեկ Սամսոնյանի՝ հունվարի 26-ին արած գրառումը, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել, «3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետ» հրապարակումն է։