14/02/2020 12:28
Հավատարիմ ենք մնալու մեր քաղաքական դիրքորոշումներին ու սկզբունքներին. Միքայել Մելքումյանը՝ հանրաքվեի հարցով ԲՀԿ դիրքորոշման մասին
ԲՀԿ-ն այսօր հանդես կգա հայտարարությամբ սահմանադարական փոփոխությունների հանրաքվեի մասով, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Պետք է շատ կարճ ժամանակ զինվել համբերությամբ և սպասել ԲՀԿ քաղաքական խորհրդի որոշմանը: ԲՀԿ-ն ինքնաբավ միավոր է և մեզ մոտ ներքին ժողովրդավարության հետ կապված որևէ դեֆիցիտ չկա: Կլինի քննարկում ամբողջ քաղխորհրդի ներկայացուցիչների ներկայութամբ, կլսվեն բոլոր կարծիքները և հայտարարության միջոցով մեր դիրքորոշումը կներկայացնենք», - ասաց Տոնոյանը՝ նշելով, որ քաղխորհրդի նիստը տեղի կունենա այսօր ժամը 16:00-ին:
Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ իրենք հավատարիմ են մնալու իրենց քաղաքական դիրքորոշումներին:
«Օդից չէ, որ պետք է որոշում կայացնենք, հավատարիմ ենք մնալու մեր քաղաքական դիրքորոշումներին և այն սկզբունքներին, որոնք հայտնել ենք: Մենք շեշտել ենք, որ մենք հանրաքվեի գաղափարին կողմ ենք, դեմ չենք, բայց հանրաքվեին հասնելու համար կա իրավական ճանապարհ, որը պետք է անցնեինք գրագետ», - ասաց Մելքումյանը: