14/02/2020 12:43
Դա ուղղակի անհնարին է, բացառում եմ, որ Հրայր Թովմասյանը հրաժարական կներկայացնի. ՍԴ նախագահի խորհրդական
Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը բացառում է, որ մինչև հանրաքվե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական կներկայացնի։
«Սահմանադրական դատարանի նախագահի մասով լիովին բացառում եմ, չեմ ուզում հիմա սա դիտարկվի, գիտեք, շահարկում են այդ հարցը, որ կարող է ճնշում լինել իրենց ազատ կամարտահայտության վրա, հանրաքվեն չի՞ դիտվում ճնշում, երբ հարկադրաբար դադարեցվում են իրենց լիազորությունները», - լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգոր Մուրադյանը։
Նա կրկնեց՝ իսպառ բացառում է, որ Հրայր Թովմասյանը հրաժարական կտա։
«Դա ուղղակի անհնարին է, բացառում եմ նաև այն դատավորների մասով, ովքեր հայտարարել են, որ դա իրենց համար անհնարին է, օրինակ, Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, մնացյալի մասով իրենք պետք է որոշեն՝ ինչ ճանապարհ են ընտրում», - ասաց ՍԴ նախագահի խորհրդականը։
Գրիգոր Մուրադյանի խոսքով՝ ՍԴ ներսում տեղեկություն չկա, որ ԱԺ նախագահը հանդիպումներ է ունենում ՍԴ դատավորների հետ։
«Սակայն, եթե չեմ սխալվում, մամուլում հրապարակվեց, որ ԱԺ աշխատակազմը հաստատել է հանդիպումների փաստը։ Ի՞նչ են իրենք քննարկում, ես չգիտեմ, բայց եթե պայմանական քաղաքական իշխանությունը ինչ-որ սակարկություններ է անելու, պետք է ևս մեկ անգամ զգուշացնել, որ սա շատ լուրջ խնդիր է դառնալու իրենց համար հետագայում», - ասաց Մուրադյանը։