15/02/2020 10:00
«Հրապարակ». Հարթակ ենք ստեղծում «այո»-ն բացառող կարծիքների համար. Մելիքյան
«Արտախորհրդարանական ընդդիմությունը պլանավորել է իր անելիքները՝ կապված հանրաքվեի հետ։ «Բանակցում ենք հայտնի քաղաքական ուժերի հետ, արդեն իսկ ունենք պայմանավորվածություններ` ժողովրդին համատեղ բացատրելու, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում», - «Հրապարակ» թերթին ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Քաղաքական ուժերը չցանկացան «ոչ»-ի շտաբում լինել, սակայն դա չի նշանակում, որ ակտիվ ձևով չենք պայքարելու ընդդեմ «այո»-ի` հակաիրավական այս վիճակը կանխելու, հասարակական ներվը թուլացնելու համար։ Պետք չէր, որ քաղաքական ուժերը վերածվեին հակահերոսի, և իշխանությունը նրանց թիրախ դարձներ՝ նախընտրեցինք այս մարտավարությունը», - ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
«Ոչ»-ի հարթակը զբաղեցնելու է իրավական համքարությունը՝ որպես մասնագիտական պայքարի մարտիկ։ Եթե չանեին, ապա հանրաքվեի ընձեռած հնարավորությունները կփոշիանային` անվճար եթեր, հանձնաժողովի անդամներ նշանակել, հանրաքվեն վերահսկել:
«Իշխանությունները չպետք է մնան առանց վերահսկողության. մեր նախաձեռնության շրջանակն ընդգրկում է այն մարդկանց, ովքեր մեկ շաբաթ առաջ խնդրագիր ներկայացրին հանրապետության նախագահին` չստորագրել հանրաքվեի փաստաթուղթը», - ասել է «ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
Իսկ Դուք չե՞ք լեգիտիմացնում հակաօրինական հանրաքվեն։
«Ոչ, այս քայլով հանրաքվեի ողջ հակաիրավական անհեթեթ գործընթացը պահում ենք մեր և հասարակության ուշադրության ներքո, որպեսզի էլ ավելի հակաիրավական չդառնա, հարթակ ենք ստեղծում «այո»-ն բացառող կարծիքների համար», - ասել է նա: