16/02/2020 16:42
«Եվրատեսիլ 2020»-ում Հայաստանը կներկայացնի 26-ամյա հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը. Տեսանյութ
Երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնի դարձավ, թե «Դեպի եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցներից ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի միջազգայինմրցույթին, որը տեղի է ունենալու Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում:
Ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում հաղթեց հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը։ Նա Հայաստանը կներկայացնի «Chains On You» մրցութային երգով:
«Եվրատեսիլ 2020» մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 12-ին և 14-ին, եզրափակիչը՝ մայիսի 16-ին:
Նշենք, որ Հայաստանն այս մրցույթում ներկայացնելու ուղեգրի համար այս տարի պայքարում էին Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները, «TOKIONINE»-ը, Էռնա Թամազյանը, Միրիամ Բաղդասարյանը, Ակոբը, Կարինա EVN-ը, Վլադիմիր Արզումանյանը, Հայկ Music-ը, Արթուր Ալեքը, Գաբրիել Ջիգը, EVA Rida-ն:
Աթենա Մանուկյանը ծնվել է 1994 թ. մայիսի 22-ին, Հունաստանի Աթենք քաղաքում: Առաջին քայլերը մեծ բեմում կատարել է 12 տարեկանում՝ հաղթելով «This Is What’s Missing» միջազգային երաժշտական մրցույթում։ 2008-ին Հունաստանի կողմից մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին ու զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։