17/02/2020 13:53
Ներկայիս ուժերին հետագայում փոխարինողները բարձրացնելու են այս հանրաքվեի լեգիտիմության խնդիրը․ Գոհար Մելոյան
«Հետագա ուժերը, ովքեր կփոխարինեն ներկայիս ուժերին, բարձրացնելու են այս հանրաքվեի լեգիտիմության խնդիրը», - այս մասին «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում անդրադառնալով ապրիլի 5-ին հանարաքվե անցկացնելու շուրջ իրավական անորոշությանն՝ ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Եթե արդյունքում, օրինակ, «Այո» կողմը հաղթի, և նոր ՍԴ ձևավորվի, և՛ ՄԻԵԴ-ի հետ կապված խնդիրներ ենք ունենալու, և՛ կրկին կազմավորվող ՍԴ-ի լեգիտիմության խնդիրն է բարձրացվելու։ Մի շարք քրեագետներ արդեն նշել են, որ այս ամբողջ պրոցեսում առկա են հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ սահմանադրական կարգի տապալում, իշխանության յուրացում։ Ես կիսում եմ այդ դիրքորոշումները։ Եթե Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներն ուսումնասիրում ենք, այո՛, երկուսն էլ որոշակիորեն առկա են», - ասել է Մելոյանը։
Նա նաև ավելացրել է, եթե նախկինում կեղծվել են ընտրություններ, մեր իրավական պետության շրջանակներում գործիքակազմն առկա է, թող հարուցվեն համապատասխան քրեական գործեր, և թող քննություն ընթանա, թող պարզվեն, հաստատվեն կեղծիքները, և համապատասխան անձինք պատասխանատվություն կրեն։ Չի կարելի վերացական կերպով, մանիպուլյատիվ նպատակներով այդ ինֆորմացիան օգտագործել և հրամցնել հանրությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։