17/02/2020 18:29
Լիովին համաձայն եմ Վանեցյանի գնահատականի հետ. մեր հասարակական-քաղաքական կյանքում եղած մթնոլորտն էլ ավելի սրված տեսնում ենք բանակում. Քաղտեխնոլոգ
Միանշանակ է, որ բանակում տեղի ունեցողը երկրում ստեղծված մթնոլորտի հետևանք է նաև, և աքսիոմա է, որ բանակը հասարակության հայելին է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Դա նույնիսկ լրացուցիչ կասկածի տեղիք չի տալիս։ Այն, ինչ տեղի է ունենում հասարակական-քաղաքական կյանքում, կենցաղում, մեխանիկորեն տեղափոխվում է բանակի վրա, որովհետև այն տրամադրությունները, որ կան տանը, անմիջապես փոխանցվում են բանակում ծառայողներին», - ասաց Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ օրինակ, եթե երկրում բաժանարար մեծ գծեր, խրամատներ են փորվում, մարդկանց գունաբաժանում է լինում՝ նախկիններ-ներկաներ, սևեր-սպիտակներ, ապա, բնականաբար, երիտասարդները, որոնք գնում են բանակ, այդ տրամադրություններն իրենց հետ տանում են։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն «Առավոտ» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ ներբանակային զարգացումների պատճառը երկրում ստեղծված մթնոլորտն է։
«Ասում են՝ բանակը հասարակության հայելին է, բանակում տիրող մթնոլորտն էլ հայելանման արտահայտությունն է հասարակության ներսում տիրող մթնոլորտի։ Ճամբարների կիսված, պառակտված, անընդհատ ներքին թշնամիներ փնտրող, արհեստականորեն «հնի» ու «նորի» բաժանվող հասարակության ներքին մթնոլորտը շատ արագ տեղ է գտնում բոլոր համակարգերում, այդ թվում՝ բանակում», - ասել էր Արթուր Վանեցյանը։
Վիգեն Հակոբյանը համաձայնեց այս դիտարկման հետ՝ նշելով, որ բանակը հասարակության մի զանգվածն է, և այնտեղ մարդիկ ավելի սահմանափակ տարածքում են, հետևաբար մթնոլորտն ավելի սրված է լինում։
«Լիովին համաձայն եմ հնչեցված գնահատականի հետ, որ այն մթնոլորտը, ինչ մեր հասարակական-քաղաքական կյանքում կա, էլ ավելի սրված տեսնում ենք բանակում։ Մի քանի օր առաջ վարչապետն այս ամեն ինչը բացատրում էր քրեական ենթամշակույթով։ Իհարկե, սա էլ կարող է իր արտացոլումն ունենալ, դա միշտ էլ եղել է՝ դեռևս խորհրդային ժամանակի բանակից։ Բայց հիմա այս բավականին տխուր ու շատ վտանգավոր վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրան գումարվել է շատ ավելի լուրջ գործոն՝ այն բաժանարար գծերը, որոնք ձևավորվում են ինչ-ինչ քաղաքական նպատակներից ելնելով»։
Ըստ Վիգեն Հակոբյանի՝ իրավիճակի կարգավորման համար խնդրի համալիր լուծում է պետք։
«Միայն վիրահատական մեթոդներով չի, որ պետք է լուծել խնդիրը։ Հիմա, եթե ինչ-որ խնդիր է լինում, մեզ մոտ ընդունված է դրա հիմքում դնել քաղաքական լուրջ ենթատեքստ, տեսնել դավադիրների ձեռքերը, որի հիմքում դարձյալ այդ բաժանարար գծերն են։ Երկրում մթնոլորտը պետք է փոխել։ Ի վերջո, պետք է ամեն ինչ հանդարտեցնել։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ այդ հեղափոխություն կոչեցյալը վաղուց ավարտվել է և հայաստանյան հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքի առանցքում ոչ թե պետք է լինի անընդհատ հակահեղափոխականության դեմ մտացածին պայքար վարելը, որից բխում է համապատասխան սուր և լարված մթնոլորտը, այլ իրավիճակը հանդարտեցնելն ու ստեղծարարությամբ զբաղվելը»։