17/02/2020 19:04
Արցախյան պատերազմի մասին պատմող «Կյանք ու կռիվ» և «Իմ Խաչը» ֆիլմերում տեղ են գտել Արթուր Ամարասի կյանքից իրական դրվագներ
«Կյանք ու կռիվ» և «Իմ Խաչը» գեղարվեստական ֆիլմերում տեղ են գտել իրական պատմություններ՝ վերցված ՀՀ և ԼՂՀ Առաջին աստիճանի մարտական խաչի ասպետ, հատուկ նշանակության զորքերի (Կարմիր Բերետներ) հրամանատար, ՀՀ ազգային անվտանգության գնդապետ Արթուր Ալեքսանյանի (Արթուր Ամարաս) կյանքից: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է նրա ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից, որում նշված է.
«Իսկ դուք գիտե՞ք, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմի սցենարի պատերազմի հետ կապված պատմություններն Արթուր Ալեքսանյանի կյանքի իրական դրվագներն են՝ հատուկ նշանակության զորքերի հրամանատար Ալեքսանյանը, որին խաղում է Վարդան Պետրոսյանը, Գանձասարի վանքի համար կռիվների էպիզոդը և այլն:
Վերջերս նկարահանված Շավարշ Վարդանյանի «Իմ Խաչը» ֆիլմը նույնպես խաղարկում է «Կյանքի Իրավունք» գրքում տեղ գտած հայտնի խաչի պատմությունը, երբ Արթուրը կուլ է տվել իր խաչը՝ Շուշիի բանտում:⠀
Ի՞նչ ենք ուզում ասել: Ոչինչ, ուղղակի հիմա գիրքը կարող եք կարդալ արդեն երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն»:
Հիշեցնենք, որ «Կյանք ու կռիվ»-ը մեծ էկրան է բարձրացել 2016 թվականի աշնանը, ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը:
Շավարշ Վարդանյանի «Իմ Խաչը» ֆիլմի պրեմիերան էլ 2019թ.-ին էր: