18/02/2020 19:10
Ժամանցային այս կոնտենտը բացառապես բոլորի համար է, քաղաքական պատկանելություն չի ճանաչում. Արման Գևորգյանը՝ նոր նախագծի մասին (Տեսանյութ)
«McArdac Creative Production»-ը և դերասան Արման Գևորգյանն, ով հանրությանն առավել հայտնի է «32 ատամ» ակումբից, Youtube-յան նորաբաց «ARMANI SHOW» էջում այսուհետ կներկայանա նոր ժամանցային նախագծով: Առաջին՝ «Ով ենք մենք» հումորային տեսահոլովակն արդեն պատրաստ է:
Aysor.am-ի հետ զրույցում հեղինակն ընդգծեց՝ ժամանցային այս կոնտենտը բացառապես բոլորի համար է, քաղաքական պատկանելություն չի ճանաչում:
««Armani Show», ավելի ճիշտ՝ «Armani Comedy Show» անունով «Stand Up» ներկայացում ունեցել եմ 7 տարի առաջ՝ Երևանում: Այն ժամանակ դեռ նոր էր ուզում զարգանալ այս ժանրը, դեռևս ընդունված կամ սիրված չէր, ավելին՝ խորթ էր մեր հայրենակիցների համար: Արդարացված ռիսկային քայլեր սիրում եմ անել, բայց ավելի հեռատես քայլ անելու համար նախընտրեցի դադար վերցնելը, մինչ կհասունանա շուկան... կամ դաշտը: Այս նախագծի դեպքում նույնպես չէի ցանկանա շտապել ու ասել, թե ճանապարհն ուր է տանելու: Ամեն բան կամաց-կամաց ենք մեր հանդիսատեսի հետ կիսվելու, որպեսզի իրենց համար անակնկալները երբեք չդադարեն: Բոլորը շարունակաբար կտեսնեն շատ տարբեր, «փախած» ու օրիգինալ հումորա-երաժշտական միքսային գործեր ու ասելիք: Չեմ ասում՝ բաժանորդագրվեք, քանի որ ես չեմ, որ պետք է ձեզ ասեմ, թե բաժանորդագրվելուց հետո ինչ կարգի բարձր տրամադրություն է ձեզ սպասվում», - ծիծաղելով նշեց Արման Գևորգյանը:
Արդեն երկրորդ հոլովակի վրա են աշխատում, երգը կձայնագրվի մոտ օրերս, կմատուցվի կանանց մեկամսյակի շրջանակներում:
«Տեսահոլովակները ֆիքսված օրերի ու ժամերի չեն հրապարակվելու, քանի որ սա ստեղծագործական պրոցես է և ժամանակային սահմանափակումներ չի սիրում: Սակայն մենք ամեն բան անելու ենք, որ սպասողները միշտ վայելելու բան ունենան», - նշեց նա: