18/02/2020 11:25
Վահե Գրիգորյանը կրկին բացակայում է ՍԴ նիստից (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանում մեկնարկել է հերթական դռնբաց նիստը։ Նիստի ընթացքում քննությանն է առնվելու Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ վարչական դատարանի դիմումների հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերության, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը՝ բանավոր ընթացակարգով։
Քննության կառնվի նաև ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ այնքանով, որքանով ոստիկանության ծառայողին արգելում է լինել կրոնական կազմակերպության անդամ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը՝ գրավոր ընթացակարգով։
Նշենք, որ այս նիստին, ինչպես և մյուս նիստերին, բացակայում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։
Ինչպես տեղեկացնում է ՍԴ աշխատակազմի ղեկավարը, Վահե Գրիգորյանը բացակայում է անհարգելի պատճառով։
ՍԴ այսօրվա նիստին մասնակցում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։