18/02/2020 18:24
Հարյուրավոր բժիշկներ Լոնդոնին կոչ են արել դադարեցնել Ասանժի խոշտանգումները
Ամբողջ աշխարհից հարյուրավոր բժիշկներ Լոնդոնին կոչ են արել վերջ դնել «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի տառապանքներին և նրան որակյալ բժշկական օգնություն տրամադրել: 18 երկրներից 117 բժիշկների ստորագրություններով համապատասխան խնդրագիրը հրապարակվել է «The Lancet» բժշկական ամսագրում:
Մասնագետների խմբակային ուղերձում դատապարտվում է Ասանժին որակյալ բժշկական օգնություն ստանալու իրավունքից զրկելը և «նրա նկատմամբ հոգեբանական խոշտանգումների գործադրումը», ինչն անցյալ տարի հաստատել է ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցող Նիլս Մելցերը:
«Եթե Ասանժը մահանա բրիտանական բանտում, ինչի մասին զգուշացրել է ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողը, նրան փաստացի տանջամահ կանեն: Խոշտանգումների մեծ մասը տեղի է ունենում բանտի բժշկական բաժանմունքում: Մենք կառավարությանը կոչ ենք անում վերջ դնել խոշտանգումներին և նրան բժշկական լավագույն օգնությունը տրամադրել», - ասվում է հայտարարության մեջ:
Ըստ բժիշկների՝ «WikiLeaks»-ի հիմնադիրն ունի ֆիզիկական և հոգեկան տարբեր խանգարումներ, ներառյալ՝ դեպրեսիան։ Անցած տարի դեկտեմբերին նրանք նամակ են հղել բրիտանական ՆԳՆ ղեկավարին՝ խնդրելով Ասանժին Լոնդոնի բանտից տեղափոխել Բելմարշի համալսարանական հիվանդանոց, սակայն պատասխան չեն ստացել:
Այնուհետև նախաձեռնող խումբը դիմել է Ավստրալիայի կառավարությանը՝ խնդրելով միջամտել և պաշտպանել իր քաղաքացուն, սակայն այդ հորդորը ևս մնացել է անպատասխան: