19/02/2020 12:06
WikiLeaks-ից պատմել են Ասանժի վիճակի մասին
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իրեն ավելի լավ է զգում այն բանից հետո, երբ նրան տեղափոխել են Բելմարշ բրիտանական բանտի ընդհանուր հատված: Այս մասին Press Association լրատվական գործակալության կազմակերպած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիսթին Խրաֆնսոնը:
«Ես նրան տեսակցել եմ 10 օր առաջ: Նա իրեն լավ է զգում՝ փաստաբանների, հանրության և որքան էլ տարօրինակ է՝ Բելմարշի այլ բանտարկյալների ջանքերի շնորհիվ, որոնք միասնական հասել են այն բանին, որ դադարեն Ասանժին մենախցում պահել»,- ասել է Խրաֆնսոնը:
Հունվարի վերջին հայտնի էր դարձել, որ մենախցում ավելի քան 9 ամիս անցկացնելուց հետո Ասանժին տեղափոխել են Բելմարշ բանտի ընդհանուր հատված, որտեղ ուրիշ բանտարկյալների հետ շփվելու հնարավորություն ունի: Սա պաշտպանական կողմը գնահատել է որպես խոշոր հաղթանակ:
Լոնդոնի դատարանն այժմ պատրաստվում է քննել Ասանժին Միացյալ Նահանգներ արտահանձնելու գործը, որտեղ նա մեղադրվում է հանցագործությունների կատարման համար՝ կապված «ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն» գաղտնի տեղեկությունների բացահայտման դեպքի հետ:
WikiLeaks-ի հիմնադիրը կարող է դատապարտվել մինչև 175 տարվա ազատազրկման՝ հաքերային գործունեության պատճառով: