19/02/2020 10:02
«Ժողովուրդ». «ՔՊ» անդամներն անգամ ծրագիր չունեն, թե ինչ են անելու, որտեղ են իրականացնելու քարոզչություն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած այն հանգամանքին, որ փետրվարի 17-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, սակայն մինչև այսօր քարոզչության կողմերից ոչ ոք որևէ գործողություն չի իրականացրել և չի հայտնել իր ծրագրերի մասին: Եվ ուշագրավն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութան անդամներն այս պահի դրութամբ անգամ ծրագիր չունեն, թե ինչ են անելու, որտեղ են իրականացնելու քարոզչություն կամ, առհասարակ, ինչպես են իրականացնելու՝ ինչ լոզունգով, ինչ ասելիքով։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք դեռևս տարածքներ են փնտրում, որպեսզի շտաբներ հիմնեն, դրանց ղեկավարներ նշանակեն, ու ցանկանում են ակտիվ լինել հատկապես մարզերում, քանի որ Երևանի դեպքում քարոզչություն իրականացնելը տեխնիկապես ավելի հեշտ է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները փնտրտուքի մեջ են բոլոր առումներով՝ ծրագրի, մարդկային ռեսուրսի, շտաբների ու այն ամենի, ինչը կապված է ընտրական գործընթացի հետ:
Մեր տեղեկություններով՝ անգամ «Այո» քարոզչության կողմ հանդիսացող պատգամավորներն այս պահի դրությամբ չեն հասկանում՝ կոնկրետ ինչպես են քարոզարշավ իրականացնելու, և ինչ են ասելու քաղաքացիներին: Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Երբ որ սկսի քարոզարշավը, դուք բոլորդ կտեսնեք: Մենք հիմա պատրաստվում ենք քարոզարշավին»: