20/02/2020 11:49
Կառավարությունը ապրիլի 5-ի հանրաքվեի համար կծախսի ավելի քան 3 միլիարդ դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ապրիլի 5-ին տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախապատրաստվելու համար ՀՀ ոստիկանությանը ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովին գումար հատկացնել:
Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 3 միլիարդ 447 միլիոն 366 հազար դրամ, որից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 2 մլրդ 553 մլն 49 հազար (որից առաջին եռամսյակում՝ 167,071.5 հազար դրամ և առաջին կիսամյակում՝ 2,553,049.0 հազար դրամ):
ԿԸՀ-ին կհատկացվի նաև 660,000․0 հազար դրամ՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հերարձակման գործընթացը ապահովելու նպատակով
Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կհատկացվի 234,317.6 հազար դրամ, որից առաջին եռամսյակում՝ 234,317.6 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» հոդվածով՝ 224,256.2 հազար դրամ «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով 10,061.4 հազար դրամ):
«ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է ապահովել հանրաքվեի քվեարկության ժամանակ տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հերարձակման գործընթացի նախապատրաստման և իրականացման ընթացքում «Յուքոմ» ՓԲԸ-ին մասնագիտական, կազմակերպչական աջակցության ցուցաբերում, ներառյալ ընկերության կողմից կատարվելիք աշխատանքների նկատմամբ մասնագիտական հսկողություն:
«Ես կռահում եմ, որ կլինեն քննարկումներ, ես ուզում եմ ասել, որ էս ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն, որովհետև, ի վերջո, տնտեսական գործընթացներ են տեղի ունենալու, այո, ժողովրդի ազատ կամարտահայտման համար պետք է ծախսվեն գումարներ: Այստեղ քննարկումները ու շահարկումները տեղի չեն», - ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ պետբյուջեի եկամուտները ավելացել են ավելի քան մեկ միլիարդ դոլարով: