20/02/2020 23:04
Այն, որ հեղափոխությունից հետո ժողովուրդը շատերին ինքնադատաստանի չի ենթարկել՝ հեղափոխության դրած կանոնների շնորհիվ է․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է, որ նախկին իշխանությունների նկատմամբ ատելության քարոզ է իրականացվում․
«Կարող է ծայրահեղ հնչի, բայց, կարծում եմ, հարյուր տոկոս իրականությունն է, որ նախորդ ռեժիմի ներկայացուցիչները մինչև էսօր ՀՀ-ում ազատ շրջում են, ունեն լրատվամիջոցներ, արտահայտվում են անսահմանափակ ազատությամբ։ Այն ,որ հեղափոխությունից հետո ժողովուրդը շատ շատերին ինքնադատաստանի չի ենթարկել, այն բանի շնորհիվ է, որ ՀՀ այսօրվա կառավարությունը և հեղափոխական հարթակը հստակ դրել է կանոններ՝ մենք պետք է գործենք օրինականության, սիրո և համերաշխության տրամաբանության մեջ», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս ընդգծեց՝ այսօր ատելության քարոզ ոչ թե իշխանությունն է տանում, այլ իշխանության նկատմամբ է տարվում։
Փաշինյանի խոսքով՝ ինքը չի կարողանում մտաբերել, որ նախկին իշխանությունների ժամանակ հանրապետությունում գործեր առնվազն հինգ ընդդիմադիր հեռուստաընկերություն, ինչպես այսօր է:
Անդրադառնալով քննադատություններին՝ արդյոք ընդունելի՞ է, որ վարչապետն օգտագործի այնպիսի արտահայտություններ, ինչպես օրինակ, «ոտքերը վրան մաքրել», «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց» և այլն, Փաշինյանն ասաց․
«Կան մարդիկ, որոնք ուրիշ լեզու չեն հասկանում: Էդ մարդկանց ես խորհուրդ եմ տալիս սկսել ջութակ նվագել սովորել, որպեսզի ավելի քաղաքակիրթ բառապաշար սկսեն հասկանալ։ Հասկացողը հասկացավ՝ ինչի մասին է խոսքը»։