20/02/2020 22:33
Չի լինելու այնպես, որ ընտրությունները բերեն ցնցումների. հանրաքվեի ինստիտուտը պետք է ուժեղացվի. Նիկոլ Փաշինյան
Շատ երկար տարիներ մեր քաղաքական թիմն ու ես դեռ ընդդիմադիր ժամանակներից խոսել ենք սահմանադրական իրականության մասին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր երկրի սահմադրության մեջ գրված է եղել մի բան, բայց իրականացվել է այլ բան, մենք այսօր սահմանադրական իրականությունը ստեղծել ենք, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ ինքը կարող է ստեղծել իշխանություն», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այսօր Սահմանադրական դատարանի քաղաքականացվածության ու կուսակցականացվածության վտանգներն էականորեն չեզոքացված են:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրությունը դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանավությունը շարունակում է դնել կառավարության վրա:
«Մեկին բռնում են, կառավարությունը դառնում է դրա պատասխանատուն, մյուսին բաց են թողնում, կառավարությունը դառնում է դրա պատասխանատուն, ինչո՞ւ է այդպես, որովհետև կա տոտալ անվստահություն դատական համակարգի նկատմամբ, որովհետև մարդիկ տեսել են ու գիտեն՝ դատական համակարգն անկախ չէ», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ ինքն ու իր քաղաքական թիմն ուզում են ստեղծել անկախ դատական համակարգ, որի որոշումներն էլ ծանրութեթև չանեն:
«Հեղափոխությունից հետո չի եղել ու չի լինելու այնպես, որ ընտրությունները բերեն ցնցումների: Հանրաքվեի ինստիտուտը պետք է ուժեղացվի», - ասաց նա: