20/02/2020 22:48
Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի. Նիկոլ Փաշինյան
Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում բազմաթիվ գործընկերների հետ հանրաքվեի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել: Նրանք զարմացած են, որ Հայաստանում տրանսֆորմացիաների շրջանում այսպիսի պրոցեսներ են տեղի ունեցել, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը չեն ուղարկում Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու։
«Եվրոպացի գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել, որ այս ողջ պրոցեսը տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի հայացի ներքո։ Ես կարծում եմ, որ մինչ այդ հարցին կանդրադառնանք՝ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, այդ թվում՝ եվրոպացի մեր գործընկերների։ Իսկ այդ հարցը մենք կդիտարկենք, կքննարկենք (սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ եզրակացություն ստանալու հարցը - հեղ.)։ Մենք եվրոպական ինսիտուտների հետ հիմա քննարկումների մեջ ենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք մոտենալու այս խնդրին», - ասաց գործադիրի ղեկավարը։
Ավելի վաղ, Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ներկայիս Սահմանադրական դատարանը կազմավորվել է օրենքի խախտումով: